Եթե մարդն ասում է քթներդ մի մտցրեք իմ ընտանիք, ուրեմն նա կրեմլյան գործակալ է

Արևմտյան քարոզչամեքենայի հերթական սադրանքը. ժողովրդի ազգային-հոգևոր արժեհամակարգի պաշտպանները՝ «կրեմլյան գործակալնե՞ր»…

Երբեմն առաջին հայացքից տարօրինակ երևույթներ են տեղի ունենում այն առումով, որ շատերը բանավեճի ժամանակ, կարող են խնդրի բուն էությունից շեղվել ու քննարկումը տեղափոխել միանգամայն այլ հարթություն, որը բացարձակ կապ չունի քննարկվող նյութի հետ: Սակայն դա տարօրինակ է միայն առաջին հայացքից, իսկ իրականում ունի նրբորեն քողարկված նպատակ:

dem-es

Ներկա պահին հանրային քննարկման է դրված «Ընտանեկան բռնությունների մասին» օրենքի նախագիծը: Ավելի շուտ ոչ թե արդեն առկա նախագիծը, այլ առհասարակ այդ թեման: Չի բացառվում, որ քննարկումների որոշակի իմիտացիա ապահովելուց հետո, այդ նախագիծը կոսմետիկ փոփոխությունների ենթարկվելով, կրկին հայտնվի օրակարգային առաջին կետում: Բայց դա ապագայի հարց է, իսկ ի՞նչ է տեղի ունենում այժմ:

Այդ նախագծի կողմնակիցներից ոմանք ընտրել են այնպիսի մարտավարություն, ըստ որի կարող է ստեղծվել տպավորություն, որ հանրությունը կողմ է այդ օրենքի ընդունմանը, սակայն ինչ ինչ շահագռգիռ ուժեր փորձում են մարդկանց մոլորության մեջ գցել:

Համաձայն այդ մարտավարության սցենարիստների, բոլոր նրանք, ովքեր դեմ են այդ նախագծին, հանդիսանում են ռուսական ագենտներ: Եթե մարդը կողմնակից է ավանդական ընտանիքի մոդելի պահպանմանը, ուրեմն նա կրեմլյան գործակալ է: Եթե մարդը ասում է, որ քթներդ մի մտցրեք իմ ընտանիք, ուրեմն նա պուտինյան դրածո է: Եթե մարդը դեմ է որպեսզի մեկը իր անհատական պատկերացումներով հայտնվի ծնողի ու երեխայի մեջտեղում, ուրեմն նա սպասարկում է ռուսների շահերը: Օրինակները կարելի է անվերջ բերել, բայց կարծում եմ այսքանն էլ բավական է:

Իրականում կընդունվի այս օրենքը Հայաստաում թե ոչ, իմ կարծիքով ռուսների համար բացարձակ միևնույնն է: Այստեղ ոչ թե ռուսական ընտանիքների հարցն է դրված քննարկման, այլ հայկական: Կարծում եմ դա հստակ գիտակցում են նաև ամեն ուր ռուսական ուրվականներ փնտրողները: Այստեղ խնդիրը բնավ էլ ռուսները չեն ու հարցը շատ ավելի նյութական կողմ ունի, քան երևում է առաջին հայացքից:

Երբ ոմանք «Մարդու իրավունքներ», «Խոսքի ազատություն» ու նմանատիպ այլ վերնագրերի անվան տակ, որոնք ինչ խոսք համամարդկային արժեքներ են, սիստեմատիկ ստանում են որոշակի գումարներ, ապա պետք է նաև արդարացնեն այդ գումարները, հակառակ դեպքում մի օր այդ հոսքը կկտրվի: Իսկ արդարացնելու միայն մի ճանապարհ կա: Ճանապարհը այդ գումարները վճարողների սպասելիքներն արդարացնելն է, մանավանդ, որ վճարողները իրենց ոչ հոր կողմից են բարեկամ, ոչ էլ մոր և բնականաբար երկար չեն կարող հանդուրժել գումարների անօգուտ վատնումը:

Հայաստանում կան արժեքներ, որոնք այնպիսի խոր արմատներ ունեն, դրված են արժեհամակարգային այնպիսի ամուր հիմքի վրա, որ ոչ մի սեմինար, ոչ մի ուռճացված վիճակագրություն, ոչ մի փողոցային բեմականացում այն չի կարող խախտել: Այդ մասին շատ լավ գիտակցում են նաև տարաբնույթ «քաղհասարակության» ներկայացուցիչները: Եվ որպեսզի փոքրաթիվ «լուսավորյալները», որոնք փորձում են մեծամասնություն կազմող «խավարամիտներին» դուրս բերել «ճահճից», արդարացնեն ծրագրի ձախողումը ու չկտրվեն «աշխատավարձից», անպայման պետք է այնպիսի մի օտար ուժ մատնանշեն, որը տվյալ դեպքում կներկայանա բոբոյի կարգավիճակով:

Կարեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

աղբյուրը՝  http://times.am/?p=192678&l=am

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *